ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը եւ ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։
Ջիմ Յոն Կիմն անդրադարձել է գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, որոնց ներկայումս բախվում են երկրները, եւ կարեւորել է մարդկության կյանքի բարելավման ուղղությամբ միասնական օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է Համաշխարհային բանկի ներկա առաջնահերթությունները, որոնք են՝ ներառական եւ կայուն տնտեսական աճ, ավելի շատ եւ ավելի արդյունավետ ներդրումներ մարդկային կապիտալում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Լագարդն իր ելույթում անդրադարձ է կատարել մարդկանց միջեւ անհավասարությունների վերացմանը, երիտասարդությանը, կլիմայի փոփոխության եւ կոռուպցիային առնչվող խնդիրներին եւ կոչ արել բոլոր երկրներին միավորել ջանքերը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
Տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկումներ է ունեցել «VTB», «Bank of America Merrill Lynch», «Citibank», «Deutsche Bank», «J.P. Morgan» կազմակերպությունների եւ «Moody՛s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Նախարար Արամյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը, բյուջեի պլանավորման մեխանիզմները եւ հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ ծրագրային բյուջետավորման ներդնումը։ Անդրադարձ է կատարվել տնտեսական աճի տեմպերին, դրանց վրա ազդող գործոններին եւ ապագա կանխատեսումներին։ Հանդիպումների ընթացքում նախարարը նաեւ ներկայացրել է հարկային ոլորտի բարեփոխումները եւ հարկաբյուջետային կանոնների փոփոխության ուղղությամբ մեկնարկած գործընթացը՝
մանրամասնելով այդ փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը եւ ընդգծել, որ դրանք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովմանը։ «Moody՛s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀ-ում վերջին շրջանում նախաձեռնած բարեփոխումների շրջանակի մասին, նախարարը մեծապես կարեւորել է վարկանիշային կազմակերպությունների դերը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։




























