Գերմանացի հնագետները եկել են այն եզրակացության, որ նացիստների գողացած Սաթե սենյակը Դրեզդենի մոտակա քարանձավներում է։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

73-ամյա Լեոնարդո Բլումեի, 67-ամյա Գյունթեր Էկարդի ու 71-ամյա Պետեր Լորի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները գաղտնի բունկերներ են կառուցել Հարթենշթեյնի բլուրների մոտակա քարանձավներում։ Հնագետները կարծում են, որ այստեղ է գտնվում Սաթե սենյակը, որը նախկինում պահվում էր Կալինինգրադում այն բանից հետո, երբ գերմանացիներն այն դուրս էին բերել Սանկտ Պետերբուրգից։ Քարանձավների մոտակայքում կա նաեւ երկաթուղային կայարան, որի վրա 1945 թվականին նկատել էին Քյոնինգսբերգից՝ Կալինինգրադից ժամանած գնացքը։

Հնագետները  գեոռադարով հետախուզել էին քարանձավների համակարգը եւ դատարկ այրեր նկատել, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական թաքստոցներ են։

Ըստ նրանց՝ գաղտնի բունկերներում պահվում են նաեւ Գերմանական կայսրության վերջին միապետ կայզեր Վիլհելմ 2-րդի գանձերը։