Հայաստանում արտադրվող դեղորայքի որակն այսուհետ կվերահսկվի ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ ստանդարտներով, առավել կոնկրետ՝ ողջ աշխարհում հայտնի GMP(ՋիԷմՓի) սերտիֆիկատով։ Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

Նրա խոսքով, Կառավարություն  կողմից իրականացվող պատշաճ վերահսկողությունը թույլ կտա որակյալ դեղորայք արտադրել ոչ միայն հայրենական, այլ նաեւ արտասահմանցի սպառողների համար։ «Այսինքն՝ մենք այսկերպ որակյալ, սերտիֆիկացված դեղորայքի արտահանման հնարավորություն կստանանք աշխարհի տարբեր երկրներ»,- ուրախություն հայտնեց Զաքարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հայկական դեղագործական ընկերությունները նպատակ ունեն միանալ դեղարտադրողների միջազգային ասոցիացիային, ինչի համար էլ այդ կազմակերպությանն անդամակցելու մասին հայտ են ներկայացրել:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝  «Հայկական դեղագործական ասոցիացիայի» նախագահ Ղուկաս Ուլիխանյանն իր հերթին անդրադարձ կատարեց շուկայում շրջանառվող կեղծ դեղերի խնդրին։ Նրա խոսքով, թեպետ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում այս առումով ամենաբարվոք վիճակում գտնվողներից է, եւ կեղծ դեղերի շրջանառությունը մեր երկրում չի անցնում 5-6 տոկոսը, միեւնույն է, երեւույթի դեմ պետք է լուրջ պայքար տանել։ «Նման պայքար իրականացնելու համար մենք՝ դեղագործական կազմակերպություններս, պատրաստվում ենք հատուկ ծրագիր մշակել եւ այն գործարկել արդեն հաջորդ տարվա սկզբից»,- ասաց Ուլիխանյանը՝ ուշադրություն  հրավիրելով նաեւ այն  հանգամանքի վրա, որ հայկական շուկայում առկա կեղծ դեղերի ամենամեծ քանակը բաժին է ընկնում ցավազրկողներին։

NEWS.am-ի թղթակցի այն hարցին, թե որքա՞ն է կեղծ դեղորայք արտադրող կամ ներմուծող ընկերությունների համար նախատեսված վարչական տույժի չափը, ոլորտի ներկայացուցիչները դժվարացան պատասխանել: