ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է  ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել եւ զարգանալ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար` դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե'  պետական, եւ թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ:

Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու եւ ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երեւանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն: