Արցախի տնտեսությունը զարգանում է բավականին դինամիկ։ Այս մասին «Վոեննի դիպլոմատ» կայքին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ապահովվում է ՀՆԱ 9-10 տոկոս աճ։ Հատկապես զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը, հիդրոէներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բանկային ոլորտը։

«Մենք ստեղծել ենք բարենպաստ պայմաններ ներդրումների եւ քաղաքակիրթ բիզնես վարելու համար, ինչի արդյունքում օտարերկրյա ներդրումների աճ է նկատվում մեր տնտեսության տարբեր ոլորտներում։

Ընդ որում, հատուկ ուշադրություն ենք հատկացնում մշակույթին եւ կրթությանը՝ համարելով, որ մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը նրա մտավոր ներուժն է եւ հոգեւոր արժեքները, որոնք անհրաժեշտ է միշտ պահպանել եւ զարգացնել»,– նշել է Սահակյանը։

Պատասխանելով Սփյուռքի հետ կապերի մասին հարցին՝ Բակո Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը մեր պետականության ռանցքային տարրերից է եւ անվտանգության ու զարգացման երաշխիքը։ «Հայաստանի եւ Սփյուռքի գործուն մասնակցությամբ վերականգնվել է 1991-1994թթ. Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացված Արցախի տնտեսությունը։ Մեր երկրում չկա ոչ մի ռազմավարական  նախագիծ, որին իրենց մասնակցությունը ցուցաբերած չլինեն Հայաստանն ու Սփյուռքը»,– ասել է Արցախի նախագահը։