Մի քանի օր է, Վանաձորի «Արցախ» պուրակի վերին հատվածում սկսել են շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ: Այսօր արդեն շինհրապարակում տեխնիկա էր աշխատում: Շինարարության մեկնարկը սիրելի հանգստավայրում առաջացրել է վանաձորցիների մի մասի դժգոհությունը: Բնակիչները բողոքում են, որ տարածքում իրականացվող շինարարության հետեւանքով զրկվելու են հանգստի գոտուց ու երեխաների ժամանցն ապահովելու հնարավորությունից, հատկապես որ, հենց այդ հատվածում են գտնվում մանկական կարուսելներները:
Այսօր խնդրի հետ կապված բնակիչներից դիմել են NEWS.am-ին, խնդրելով անդրադառնալ թեմային ու այն պահել ուշադրության կենտրոնում. «Վանաձորի սրտում գտնվող ու քաղաքի սիմվոլներից մեկը համարվող Արցախ պուրակի մերձակա տարածքում սկսվել է այսպես կոչված մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքները: Մենք դեմ չենք այդպիսի կենտրոնների կառուցմանը, բայց ոչ պուրակի քանդելու, տասնյակ տարիներ վեր խոյացող ծառերի, կանաչ գոտիների քանդման հաշվին»,- խմբագրությանն ուղղված նամակում գրել է քաղաքացին:
Թեմայի հետ կապված դիմեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որը վստահեցրեց՝ շինարարության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները տրված են:
«Շատ գեղեցիկ մանկական կենտրոն է կառուցվում: Նախագծերը մեր կողմից հաստատվել են: Այդ հողամասերը օտարվել են դեռեւս 2004-2005թթ.-ներին: Մարդը 100-200 մլն դրամի ներդրում է անելու, մանկական գեղեցիկ կենտրոն է կառուցվում, որ մեր քաղաքի մանուկները հավուր պատշաճի ծառայություններ ստանան»,- նշեց քաղաքապետը:
Պուրակի ստորին հատվածը տարիներ առաջ տրամադրվել է «Պարադիզ» ընկերությանը՝ կինոթատրոն կառուցելու նպատակով: Մամիկոն Ասլանյանը, սակայն, վերը նշվածով հանդերձ չի կիսում քաղաքացիների մտահոգությունն այն մասին, որ շինարարության արդյունքում քաղաքը կզրկվի հավաքատեղի ու հանգստի գոտի հանդիսացող «Արցախ» պուրակից:
«Ընդհակառակը, «Արցախ» պուրակը երկար տարիներ ձեր ասած հավաքատեղիից վեր էր ածվել գիշերային ակումբի, իսկ հիմա քաղաքակիրթ եղանակով նորմալ ճարտարապետական լուծումով շենք է կառուցվում»,- ասում է նա:
Ասլանյանի խոսքով՝ պուրակի միջին հատվածը համայնքային սեփականություն է հանդիսանում եւ մասնավոր սեփականատերերի կողմից շինաշխատանքների ավարտից հետո այդ հատվածը համայնքի կողմից կբարեկարգվի ու կվերածվի հանգստի գոտու, որը կարող է ծառայել նաեւ որպես հավաքատեղի:





























