ՀՀ Սյունիքի մարզում Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Հիմնավորման համաձայն, ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը:

Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանում Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածքը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու է Մեղրիի շենքը փոխարինվում շենքով Երևանում: «Մեղրիի շենքը ինչո՞ւ ենք Երևանով փոխում, անհավասար փոխանակում է: Եթե Մեղրիում տարածք պետք է տանք, կտանք, Երևանում ինչո՞ւ ենք տարածք տալիս»,-հարցրեց վարչապետը եւ կոչ արեց առանձին քննարկել այդ հարցը: