Կառավարությունն առաջարկում է նորովի շարադրել մանրածախ առեւտրի օբյեկտների համար մրցակցության սկզբունքները: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում քննարկվող «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ներկայիս խմբագրմամբ առեւտրի գերակայող սուբյեկտներ են (որոնց համար նախատեսված է պետական ավելի խիստ հսկողություն) համարվում 4 եւ ավելի խանութներ ունեցող ցանցերը: Ըստ որում՝ հաշվի չի առնվում՝ այս խանութները խոշոր են, թե փոքր: Ըստ վիճակագրության՝ երկրում միջինը մինչեւ 50 աշխատակիցներ ունեցող խանութների շրջանառությունը տարեկան 370 մլն դրամ է (800 հազար դոլարից մի փոքր պակաս): «Բնականաբար, այս թիվը միջինացված է ե՛ւ բակային կրպակի, ե՛ւ ոսկերչական խանութի համար: Այս պատճառով այնպիսի ցուցանիշ է պետըք, որը երաշխավորված չի տարածվի փոքր խանութների վրա: Նշանակում է՝ այս 370 մլն-ը պետք է 4-ով բազմապատկել: Կստացվի 4 եւ ավելի խանութների համար 1,5 մլրդ դրամի շրջանառություն»,- պարզաբանեց Խաչատրյանը:




























