Սպիտակամորթ ամերիկացիների մեծ մասը գտնում, որ ԱՄՆ-ում իրենց հանդեպ խտրականություն կա: Այդպիսինն են Robert Wood Johnson Foundation եւ Harvard T.H. Chan School of Public Health–ի կողմից անցկացված հարցումների արդյունքները, որոնք հրապարակվել են NPR-ում:
Հարցվածների 84 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի էթնիկ ու ռասայական տարբեր փոքրամասնությունների նկատմամբ խտրականւթյուն: Սպիտակամորթ ամերիկացիների 55 տոկոսը պնդում է, որ սպիտակամորթների հանդեպ խտրականությունն այսօր տարածված երեւույթ է ԱՄՆ-ում, հաղորդում է USA.one-ը:
Եվ թեեւ յուրաքանչյուր էթնիկ կամ ռասայական խմբում կան մարդիկ, ովքեր զգացել են խտրականություն, սպիտակամորթների մեջ դրանք սակավաթիվ են:
Հարցվածների պատասխաններից ելնելով կարելի է սպիտակամորթ ամերիկացիներին բաժանել երեք խմբի.
1. Նրանք, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ում սպիտակամորթների հանդեպ խտրականություն կա, եւ իրենք էլ դա զգացել են իրենց վրա
2. Նրանք, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ում սպիտակամորթների նկատմամբ խտրականություն կա, բայց իրենք դա չեն զգացել իրենց վրա
3. Նրանք, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ում սպիտակամորթների նկատմամբ խտրականություն չկա:
Հարցման արդյունքներից նաեւ պարզվում է, որ միջին ու ցածր եկամուտ ունեցող սպիտակամորթ ամերիկացիները ավելի շատ են հավատում, որ իրենց նկատմամբ խտրականություն կա: Նրանք պնդում են, որ զգացել են դա իրենց վրա աշխատանքի տեղավորվելիս, երթեւեկելիս, պաշտոնի բարձրացման կամ ԲՈՒՀ ընդունվելու ժամանակ:



























