ԱՄՆ այցելող զբոսաշրջիկների համար գործող անվտանգության նոր միջոցառումներն ուժի մեջ են մտել: Ներքին անվտանգության դեպարտամենտը մտադիր է այսկերպ խուսափել ձեռքի ուղեբեռում նոթբուքերի տեղափոխման արգելքից, որն այս տարեսկզբին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Հիշեցնենք, որ այս պահանջը մերձավորարեւելյան երկրների 10 օդանավակայաններից ԱՄՆ թռչող ուղեւորներին ստիպում էր ստուգման հոգնեցուցիչ ընթացակարգի ենթարկվել: Սպասվում է, որ նոր կանոնները կառնչվեն ամեն օր ԱՄՆ ժամանող 2 հազար կոմերցիոն չվերթների 325 հազարից պակաս ուղեւորների: Այս միջոցառումները կիրառվում են 105 երկրների 280 օդանավակայններից չվերթներ իրականացնող 180 ավիաընկերությունների նկատմամբ, հայտնում է USA. one-ը:
Թրամփը նոր օրենքի գործողության ժամկետը հետաձգել էր՝ ավիաընկերություններին 3 ամիս ժամանակ տալով, որպեսզի ուժեղացնեն անվտանգության սեփական ընթացակարգերը: Նախագահի սահմանած դեդլայնն այսօր լրանում է: Եվ չնայած նորամուծությունների շատ մանրամասներ դեռեւս անհայտ են, Reuters գործակալությունը հայտնել է, որ ուղեւորները պետք է կարճ հարցազրույցի պատրաստվեն գրանցվելիս կամ այս կամ այն չվերթի թռիչքի պատրաստվելուց առաջ: Լրացուցիչ միջոցառումները կարող են նաեւ ներառել էլեկտրոնային անձնական սարքերի ստուգում:
Միջազգային ավիաուղիներն ուղեւորներին զգուշացնում են, որ նրանք պետք է օդանավակայան գան ժամանակի մեծ պաշարով, քանի որ նոր միջոցառումների ուժի մեջ մտնելուց հետո կարող են ուշացումներ եւ հերթեր լինել: ԱՄՆ չվերթներ իրականացնող եվրոպական ամենախոշոր ավիափոխադրող Lufthansa ավիաընկերությունը ճանապարհորդներին կոչ է արել օդանավակայան գալ թռիչքի ժամից ծայրահեղ դեպքում 90 րոպե առաջ, իսկ միջազգային այլ ավիաընկերություններ բոլոր ընթացակարգերն անցնելու համար առաջարկել են հատկացնել 2 ժամից ոչ պակաս: Անվտանգության կանոնների խստացումը կվերաբերի ոչ միայն նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանում արտասահմանից, այլ նաեւ ներքին չվերթների ուղեւորներին: Նրանց համար ամենամեծ փոփոխությունն այն է, որ հիմա նրանք պարտավոր են ձեռքի ուղեբեռում չունենալ հեռախոսի չափերը գերազանցող ցանկացած էլեկտրոնային սարք կամ այն տեղավորել առանձին արկղիկի մեջ մինչեւ ստուգման ընթացակարգը շարունակելը:



























