Կուբացի քննիչները կարծում են, որ «ակուստիկ հարձակումները», որոնց հետեւանքով, ԱՄՆ Պետքարտուղարության պնդմամբ, Հավանայում տուժել են ավելի քան 20 դիվանագետներ, կարող էին ծղրիդների կամ ճպուռների ճռռոցը լինել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվել է Կուբայի հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժում:
Երեք ձայնագրություն է վերլուծվել, որոնցում առկա էր աղմուկ, որը, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, վնաս է հասցրել դիվանագետների առողջությանը: «Այս ձայնագրությունների մեջ լսվող ձայները շատ նման են այն ձայներին, որ արձակում են որոշ միջատներ, մասնավորապես ծղրիդները եւ ճպուռները: Այս միջատները հանդիպում են Կուբայի ամբողջ տարածքում: Դրանք հայտնաբերվել են նաեւ ամերիկացի դիվանագետների բնակության վայրի մոտ»,- նշվում է ռեպորտաժում:
Քննիչները նշել են, որ մարդու վրա ճպուռների կամ ծղրիդների արձակած ձայների երկարատեւ ազդեցությունը կարող է լսողության կորուստ, արյան բարձր ճնշում առաջացնել եւ դյուրագրգռության պատճառ դառնալ:
Կուբացիները շեշտել են, որ կղզում սարքավորում չկա, որը կարող էր օգտագործվել նման հարձակումներ իրականացնելու համար:
Դրանից զատ, Կուբայի իշխանությունները իբր տուժած դիվանագետների առողջական վիճակի վերաբերյալ բժշկական ոչ մի եզրակացություն չեն ստացել: Ամերիկացի դիվանագետների հարցաքննված հարեւանները անոմալ ոչ մի ձայն չեն լսել եւ առողջական խնդիրներ չեն ունեցել:



























