Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաման է ստորագրել ղազախերենի այբուբենը կիրիլիցայից լատինատառ գրության փոխելու մասին: Informburo.kz-ն հայտնում է, որ ղազախերենի այբուբենի անցումը լատինատառի պետք է կատարվի մինչեւ 2025 թվականը:

Հրամանը ստորագրելուց մեկ օր առաջ Նազարբաեւը հայտնել էր, որ կհաստատվի առաջարկված այբուբենի երկրորդ տարբերակը, քանի որ դա է ստացել ժողովրդի աջակցությունը:

«Հանձնաժողովն ավարտել է աշխատանքը: Վերջին տարբերակը հրապարակվել է: Կոնսենսուս կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երիտասարդների, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի միջեւ: Հասարակությունն ընդհանուր առմամբ աջակցում է»,- ասել էր նա: