Ամերիկացի ծովայինները Խաղաղ օվկիանոսում փրկել են 2 աղջկա, որոնք լողացող զբոսանավի վրա 5 ամիս են անցկացրել։ Նրանց հետ են եղել նաեւ 2 շուն, հայտնում է ԱՄՆ նավատորմի կայքը։
ԱՄՆ քաղաքացիներ Ջենիֆեր Ափելն ու Տաշա Ֆույաբան այս գարնանը Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքից դուրս էին եկել շների հետ՝ Թաիթի կղզի հասնելու նպատակով։ Մայիսի 30-ին զբոսանավի շարժիչը փոթորկի ժամանակ փչացել էր, սակայն աղջիկները շարունակել էին նավագնացությունը՝ հուսալով առագաստի միջոցով ցամաք հասնել, հայտնում է Newsru–ն։
Նրանք ամեն օր աղետի ազդանշան էին ուղարկում, սակայն նրանց չէին լսում, քանի որ զբոսանավը մնացել էր նավագնացության պասիվ շրջանում։ Միայն հոկտեմբերի 24-ին թայվանական ձկնորսական մի նավ նկատել էր աղջիկներին Ճապոնիայի ափերից 900 մղոն հեռավորության վրա։ Դրանից հետո նրանց փրկելու էր դուրս եկել ԱՄՆ նավատորմի Ashland նավը։
Նավաստիները, հասնելով զբոսանավին, փրկել էին 2 աղջիկներին ու նրանց շներին։ Աղջիկները շնորհակալություն են հայտնել եւ ասել, որ զբոսանավի վրա իրենց հաջղվել է ողջ մնալ ջրի ֆիլտրերի եւ սննդի մեկամյա պաշարի շնորհիվ, մասնավորապես, նավի վրա եղել էին չփչացող մթերքներ՝ բրինձ, մակարոն, վարսակ։



























