Հյուսիսային Կորեան հայտարարել է հարավկորեական ձկնորսական նավն ազատելու պատրաստակամության մասին։ Նավն առգրավվել էր անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափամերձ հատված ապօրինի ներթափանցելու հետեւանքով։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնում է, որ հարավկորեական նավը առգրավվել էր ձկնորսության նպատակով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրեր մտնելու պատճառով։
«Սակայն ԿԺԴՀ–ն որոշել է հայրենիք ուղարկել նավն ու նրա անձնակազմին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից եւ հաշվի առնելով այն փաստը, որ ամբողջ անձնակազմը ազնվորեն խոստովանել է հանցանքը եւ մի քանի անգամ ներողամտություն հայցել»,– ասված է հաղորդագրության մեջ։




























