ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում կայացած խորհրդարկցության ժամանակ ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Սեւան» ազգային պարկի 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի եւ ռելիեֆի թվային մոդելը, ինչպես նաեւ զեկուցվել է դրանում ներառված հանութագրման նյութը, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ճշգրտման աշխատանքների ընթացքը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության արդյունքում համապատասխան ոլորտային պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Այդ թվում՝ հանձնարարվել է 2019թ. ընթացքում ամբողջովին ավարտել Արփա-Սեւան թունելի վթարային հատվածների վերականգնման ներկա փուլի աշխատանքները՝ դրա համար նախատեսելով ֆինանսավորման համարժեք ծավալներ: Այդ աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է, որ Սեւանա լիճ թունելով տեղափոխվող ջրի ծավալները ներկայիս ծավալների համեմատ գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 200-250 մլն խմ:

Սեւանա լիճ թափվող գետերի ջրերի որակի շարունակական բարելավման նպատակով բնապահպանության նախարարությանը եւ ԷԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է Սեւանա լճի ավազանի խոշոր բնակավայրերի տարածքներում կառուցված մաքրման կայանների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ մշակել, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող վարձակալների կողմից տեղային մաքրման կայանների տեղադրման աշխատանքների խրախուսման ուղղությամբ:

Բնապահպանության նախարարությանը նաեւ հանձնարարվել է շարունակել աշխատանքները հանրային լողափերի ավելացման եւ լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքների առաջանցիկ տեմպերով մաքրման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ ֆինանսական պլանավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը: