Բրիտանուհի Քեթրին Հոջսոնը (Katherine Hodgson), որը մասնագիտությամբ լեզվաբան է, հայերեն խոսում է սահուն եւ պարզ, բայց մի փոքր ձգում է բառերը։ Եթե ես չիմանայի՝ որտեղից է նա ծագումով, կմտածեի, որ իրանահայ է։ «Հայաստանում բոլորն են այդպես կարծում,- ասում է նա,- արտաքինից ռուսի հետ են շփոթում, իսկ արտասանությամբ՝ իրանահայի»։
Քեթրին Հոջսոնը ներկայումս Փարիզում դիսերտացիա է գրում ժամանակակից հայերենի բարբառների մասին։ Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտում նրա գիտական ղեկավարն է Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը։ Նախքան այդ նա 4 տարի ապրել է Երեւանում, որտեղ ուսումնասիրում էր ժամանակակից հայոց լեզու։ Իսկ հայերենի նկատմամբ սերը նրա մեջ սերմանել են Ալավերդու եւ Հանքավանի հույները, որոնք հիմա ապրում են Սալոնիկում։ Նրանց հետ Հոջսոնը ծանոթացել էր հունարենի բարբառները, մասնավորապես, Պոնտոսի հույների բարբառը ուսումնասիրելիս, իսկ Հայաստանի հույները հենց Պոնտոսից եկած հույներ են։
«Ընտանիքում, որի հետ ես ծանոթացա, մայրը հայ էր, եւ տանը մեծապես հայերեն էին խոսում։ Այդպես ծնվեց իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- պատմում է նա։
Հետաքրքիր է, որ հունարենի բարբառները նույնքան տարբեր են միմյանցից, որքան հայերենինը։ «Երբ 1990-ական թվականներին հույները Ալավերդիից մեկնեցին Սալոնիկ՝ ապրելու, նրանց թվում էր, թե բոլորն իրենց հասկանալու են, եւ ամեն բան լավ է լինելու։ Բայց նրանց լեզուն Հունաստանի բնակիչների խոսակցական լեզվից այնքան էր տարբերվում, որքան Ղարաբաղի բարբառը Արարատյան դաշտի բարբառից, արեւելահայերենը՝ արեւմտահայերենից։ Նրանք այնտեղ հասկացված լինելու խնդիրների բախվեցին»,- պատմում է Քեթրին Հոջսոնը։
Քեթրինի հետ ես ծանոթացա Երեւանում հոկտեմբերի սկզբին Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովին (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL)։
Նա առաջին անգամ էր մասնակցում գիտաժողովի, որտեղ միայն հայերենի խնդիրներն էին քննարկում, եւ շատ ուրախ էր, քանի որ Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում նա «հայոց լեզվի քերականության եւ կառուցվածքի» մասին զրուցելու հնարավորություն չուներ։ «Ես զգացի, որ կա մի ամբողջ աշխարհ, որի հետ ես կապված եմ հայերենի միջոցով»,- ասում է նա։



























