Amazon ընկերության ղեկավար Ջեֆրի Բեզոսը հերթական անգամ առաջ է անցել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից՝ զբաղեցնելով Forbes ամսագրի տարբերակով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բեզոսի առաջատարությունը հաստատվել է նաեւ Bloomberg-ի կազմած համանման ցանկում:

Amazon-ի ղեկավարը երկու վարկանիշների առաջատարն է դարձել ուրբաթ: Forbes-ի վարկածով՝ 53-ամյա Բեզոսի կարողությունը հիմա 93 մլրդ դոլարից քիչ ավելի է կազմում: 62-ամյա Գեյթսն իր ակտիվում 89,9 մլրդ դոլար ունի:

Երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (80,6 մլրդ դոլար): Չորրորդ հորզոնականը զբաղեցնում է իսպանական Inditex տեքստիլ կոնցեռնի եւ Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (գրեթե 78 մլրդ դոլար): Առաջին հնգյակը եզրափակում է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (73,8 մլրդ դոլար):