ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով բոլոր փաստաթղթերը:

«Գեներալ Ջոն Քելլիի, ԿՀՎ-ի եւ այլ գործակալությունների հետ խորհրդակցություններից հետո ես կհրապարակեմ Ջոն Քենեդու գործով ԲՈԼՈՐ փաստաթղթերը, բացի մարդկանց անուններից եւ հասցեներից, որոնք դեռեւս ողջ են»,- հայտնել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես դա անում եմ հանուն ամբողջական բացահայտման, թափանցիկության, եւ որպեսզի վերջ դրվի դավադրության տեսությանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարգադրել էր Ազգային արխիվի կայքում հրապարակել մոտ 2,8 հազար նախկինում գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են Քենեդու սպանությանը: Հրապարակված նյութի մի մասն արդեն զետեղված է ԱՄՆ Ազգային արխիվի կայքում, մնացած մասը, ինչպես հայտնել են Սպիտակ տանը, կհրապարակայնացվեն «առաջիկա շաբաթների ընթացքում»:

Այդ ժամանակ Թրամփը որոշել էր մնացած մասը գաղտնի թողնել՝ զիջելով ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի պահանջներին: Նշված փաստաթղթերը լրացուցիչ կուսումնասիրվեն 6 ամիս՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ: Այս գործընթացի արդյունքում էլ կորոշվի՝ դրանք կհրապարակվե՞ն եւ ի՞նչ ձեւով: