Բնության տարերքների պատճառով վտանգվում են անհետացող տեսակները՝ որոշ կետեր, լամանտիններ, շնաձկներ եւ ծովային կրիաներ, հայտնում է The Daily Mail-ը:

Սակայն դանիացի, կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի կենսաբանների կատարած հետազոտությամբ պարզվել է, որ բնության դաժան փորձությունները պարտադիր չէ, որ ծովային կրիաների կործանման պատճառ դառնան:

Սա պարզվել է Էլեոնորային հետեւելու շնորհիվ: 2012 թվականին այս ծովային կրիային են ամրացրել GPS եւ Ֆլորիդայի ափերին տեղաշարժման մասին հաղորդիչներ: Էլեոնորայի թիմում եղել են նաեւ նրա այլ ցեղակիցներ, սակայն հենց այս հերոսուհին է հայտնվել արեւադարձային փոթորկի էպիկենտրոնում:

«Բարեբախտաբար, մենք հայտնաբերեցինք, որ կրիան առանց դժվարության հաղթահարել էր տարերքը: Փոթորիկները կարող են ծովային կրիաներին շեղել ուղղությունից, իսկ կյանքի համար պայքարը կարող է հոգնեցնող լինել՝ սպառելով էներգիայի պաշարները եւ անհնար դարձնելով ձվադրման պրոցեսը»,- ասում է Դանիայի Հարավային համալսարանի կենսաբան Մարիա Ուիլսոնը: