Բրիտանացի գիտնականները օրվա ճշգրտությամբ պարզել են, թե երբ է տեղի ունեցել Աստվածաշնչում նկարագրված արյունահեղ ճակատամարտերից մեկը, նաեւ պարզաբանել են, թե ինչ է նշանակում մարտի ժամանակ արեգակի եւ լուսնի կանգնելու մասին արտահայտությունը, հայտնում է «Մոյա պլանետան»:

Հրեաների քարոզիչ Հեսու Նավեն Ավետյաց երկիրը՝ Հանանը գրավելիս 5 թագավորների դեմ ճակատամարտի ժամանակ կոչ է արել. «Կանգ առ, արեգակ Հավաոնի վրա, եւ լուսին Աիալոնի դաշտի վրա»: «Եվ կանգ առավ արեգակը, եւ լուսինն էր կանգնած, մինչ ժողովուրդն իր թշնամուց վրեժ էր լուծում»,- ժամանակակից թարգմանությամբ նշված է Աստվածաշնչում:

Քեմբրիջի համալասարանի պրոֆեսոր Քոլին Համֆրիսը եւ համահեղինակ Գրեմ Ուեդինգթոնը ենթադրում են, որ սյուժեն կարող էր հիմնված լինել ինչ-որ «խոշոր աստղագիտական իրադարձության» իրական դիտարկման վրա, փոխանցում է Telegraph-ը:

Գիտնականները ստուգել են Հեսու Նավեի գրքի հին հրեական տեքստի բնօրինակը եւ պարզել են, որ այս հատվածը կարելի է նաեւ այսպես մեկնաբանել՝ «արեգակը եւ լուսինը դադարել են լույս արձակել»:

Այսպիսով, խոսքը կարող էր վերաբերել խավարմանը: Գիտնականները հաշվել են, թե անցյալում որ օրը կարող էր տեղի ունենալ այս երեւույթը: Ըստ որում՝ նրանք ստուգել են ոչ միայն ամբողջական, այլ նաեւ օղակաձեւ խավարումը, երբ Լուսինը կանգնած է ուղիղ Արեգակի առաջ, բայց դրա հետ մեկտեղ Երկրից բավականին հեռու, որ աստղն ամվողջությամբ ծածկի:

Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ իսրայելցիները Հանանում գործել են մ.թ.ա. 1500 եւ 1050 թվականների միջեւ: Համահեղինակների հաշվարկի համաձայն՝ միակ օղակաձեւ խավարումը, որը նշված ժամանակահատվածում տեսանելի է եղել տարածաշրջանում, տեղի է ունեցել մ.թ.ա. 1207 թվականի հոկտեմբերի 30-ին: Ըստ ամենայնի՝ հենց այս օրն է տեղի ունեցել ճակատամարտը, որը հետո նկարագրվել է Աստվածաշնչում: