2018 թվականից Հայաստանում եկամտային հարկի բեռը կվերաբաշխեն առավել ունեւոր քաղաքացիների վրա: Հոկտեմբերի 30-ին այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս:

Ի պատասխան հանրապետական պատգամավոր, Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հարցին Հարկային օրենսգրքի էֆեկտի մասին (ուժի մեջ է մտնում 2018 թվականից)՝ նախարարը նշեց, որ ընդհանուր բեռը չի աճի, փոխարենը կվերաբաշխվի: Դեռեւս եկամտային հարկի հիմնական մասը վճարում են 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք (300 դոլարից մի փոքր ավելի): Իսկ Հարկային օրենսգիրքը տոկոսադրույքները փոխել է առավել բարձր աշխատավարձի ուղղությամբ:

Կառավարությունն ակնկալում է, որ ընդհանուր հարկահավաքությունը ոչ միայն չի կրճատվի, այլեւ մոտ 6 տոկոսով կաճի՝ մինչեւ 367,9 մլրդ դրամ (766 մլն դոլար):

Հիմա մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք վճարում են 24,4 տոկոս, 120 հազարից մինչեւ 2 մլն՝ 26 տոկոս, 2 մլն-ից ավելի՝ 36 տոկոս: 2018 թվականի հունվարի 1-ից ամսական մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձից հարկ կլինի վճարել  23 տոկոս եկամտահարկ, իսկ 150 հազարից մինչեւ 1 մլն՝  28 տոկոս,  1 մլն եւ ավելի՝ 33 տոկոս: Ինչպես նախկինում, ավելի բարձր տոկոսադրույքներ կգործեն ոչ թե ամբողջ ախատավարձի համար, այլ միայն գերազանցող մասի: Այսինքն՝ ամսական 1,5 մլն ստացողը կվաճարի 23 տոկոս առաջին 150 հազարի համար, 28 տոկոս՝ հաջորդ 850 հազարի համար եւ 33 տոկոս 500 հազարի համար: