ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:

Նախագահի գնահատմամբ, դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ եւ բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում եւ մշակույթի միջոցով եւս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը դեսպան Մոնտեյրոյի դիվանագիտական առաքելության շրջանում առանձնացրել է հատկապես երկու հիշարժան իրադարձություն՝ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ էր մեկ անգամ եւս ընդգծելու հայ-բրազիլական հարաբերությունների ջերմությունն ու ամրությունը: Նախագահ Սարգսյանը երկկողմ բարեկամության խորացման եւս մեկ նշանակալի իրադարձություն է համարել 2015թ. Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2016թ. նախագահ Սերժ Սարգսյանի Բրազիլիա կատարած այցը եւ հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի հաջորդ դեսպանը կշարունակի պարոն Մոնտեյրոյի հիմնադրած բարի ավանդույթներն ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության, ինչպես նաեւ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ իր համար մեծագույն հաճույք եւ պատասխանատվություն էր աշխատել հնամենի պատմություն եւ հարուստ մշակույթ ունեցող հյուրընկալ Հայաստանում, որտեղից հեռանում է հրաշալի տպավորություններով: