2017 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի պետբյուջեում հարկային հավաքագրումները աճել են 49,1 մլրդ դրամով կամ 6,3 տոկոսով: Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` հանդես գալով խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այստեղ ԱԱՀ վճարները ներառված չեն, որոնք արտահանողներին եւ ավելորդ դեբետ պահողներին պետք է վերադարձվեն:
Հակառակ դեպքում գերազանցումը կկազմի 74,5 միլիարդ: Ընդ որում, հարկային ստուգումները նվազել են մոտ 40 տոկոսով:
Բացի դրանից, 2017 թվականից հարկային ծառայությունը արագացրել է ԱԱՀ վերադարձը: Եթե հայտը չի գերազանցում 20 մլն դրամը, ապա ԱԱՀ-ն 180 օրվա փոխարեն 4 օրում է վերադարձվում:
«Բայց 20 մլն-ից ավել հայտերի դեպքում էլ, մենք մեզ համար այդպիսի վերջնաժամկետ չենք սահմանել եւ մեզ համար 55 օրում ենք սահմանափակում սահմանում», - ասել է Միրումյանը:
Բիզնեսին աջակցելու այս բոլոր միջոցները չեն ազդի բյուջեի վրա: Տարվա արդյունքներով նախատեսվում է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ հավաքել (մոտ 2,36 մլրդ դոլար):




























