Ծխախոտի, օղու եւ գազալցակայանների գազի շնորհիվ 2018 թվականի բյուջեն լրացուցիչ 16,74 մլրդ դրամ (35 մլն դոլար) կստանա: Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով:

Օղուց լրացուցիչ 1,86 մլրդ, ծխախոտից մոտ 4,7մլդ, բենզինից եւ դիզելից 1,93 մլրդ, գազալցակայանների գազից 7,35 մլրդ, շարժիչային յուղից 1 մլրդ դրամ կհավաքվի: Դա տեղի կունենա դրույքների բարձրացման շնորհիվ:

Այստեղ հարկ է հաշվի առնել, որ հարկի բարձրացման հետ մեկտեղ աճում է նաեւ գինը, ինչը նշանակում է, որ վաճառքը կնվազի: «Մասնավորապես, 2016 թ. մայիսից վիճակագրական տվյալների ստուգումից (ակցիզային հարկի վերջին աճը) պարզ է դառնում, որ եթե գինը 1 տոկոսով աճում է, ապա ծխախոտի եւ օղու սպառումը նվազում է 0,4 տոկոսով», - ավելացրել է Միրումյանը: