Իրաքի կառավարությունը պլանավորում է մոտ ապագայում սկսել վճարումներ կատարել փեշմարգայի մարտիկներին եւ Իրաքի Քուրդիստանի պետական ծառայողներին։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, փոխանցում է Reuters-ը։
Իրաքի Քուրդիստանի իշխանությունները փորձում էին փեշմարգայի մարտիկներին եւ Իրաքի Քուրդիստանի պետական ծառայողներին աշխատավարձ վճարել 2014 թվականից, այն բանից հետո, երբ Բաղդադը դադարեցրել էր այդ վճարումները նավթի բաշխումից ստացվող եկամուտների շուրջ վեճի պատճառով։
«Շուտով մենք կարող ենք վճարել փեշմարգայի եւ տեղացի աշխատողների աշխատավարձերը»,- ասել է Աբադին լրագրողներին։
Դա կարող է թուլացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի ֆոնին ստեղծված լարվածությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանը անկախության հանրաքվե էր անցկացրել, որի արդյունքում 93 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը։ Դրանից հետո Իրաքը զորքեր էր մտցրել նավթով հարուստ Քիրքուք եւ իր վերհսկողությունը հաստատել այնտեղ։ Ստեղծված ճգնաժամի պայմաններում Էրբիլը հայտարարել էր, որ սառեցնում է հանրաքվեի արդյունքները, մինչեւ Բաղդադի հետ բանակցությունների ավարտը։




























