Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի եւ չրերի տեսականիով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձեւավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում  կարեւոր է նաեւ դեսպանի դերը, ով կամուրջ է հանդիսանում երկու պետությունների միջեւ», - նշել է նախարարը:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարեւորել է կաթիլային ոռոգման համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրումը: Այս ուղղություններով ֆրանսիական կողմի փորձին ծանոթացնելու նպատակով դեսպան Լաքոտը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրմամբ զբաղվող ֆրանսիական մի քանի ընկերությունների տվյալներ:

Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` նախարարը նշել է, որ ներկայումս ծրագրեր են իրականացվում օրգանական գյուղատնտեսության հետագա խթանման համար, եւ Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի եւ չրերի տեսականիով:

Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ գինեգործության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք գինու միջազգային կոնֆերանսին մասնակցելու են նաեւ ֆրանսիացի փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկայում երկկողմ համագործակցությանն առնչվող  այլ հարցեր: