Իսպանիայից անկախանալու Կատալոնիայի հանրաքվեն արկածախնդրություն էր: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռուսական Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:
Նրա խոսքով՝ այս հանրաքվեին պատրաստ չէին ո՛չ Կատալոնիայի ղեկավարությունը, ո՛չ ինքնավար շրջանի բնակչությունը: «Չէ՞ որ շրջանի անկախության օգտին քվեարկել է ինքնավարության բնակչության 40 տոկոսից պակասը (սական քվեարկության համար տեղամասեր եկածների 90 տոկոսից ավելին - խմբ): Ըստ էության, այս քվեարկությունից հետո ասելու առանձնապես բան էլ չկա»,- պարզաբանեց Խրամչիխինը՝ հավելելով, սակայն, որ բնակչության 40 տոկոսը չի կարող որոշել երկրի եւ ամբողջ ժողովրդի ճակատագիրը:
Փորձագետը նշեց, որ շրջանի բնակչության զգալի մասը պարզապես արհամարհել է այն, ինչ տեղի էր ունենում Կատալոնիայում, եւ սրա հետ կապված առանձնապես աչքի էր ընկնում ակտիվ փոքրամասնությունը, որը պայքարում էր անկախության համար: Սակայն, փորձագետի կարծիքով, ո՛չ Կատալոնիայի ղեկավարությունը, ո՛չ նրան աջակցող փոքրամասնությունը պատրաստ չէին Իսպանիայի իշխանությունների հետ ուժային դիմակայությանը:
«Եվրոպացիներն ընդհանրապես հետ են վարժվել նման բաներից եւ ոչ մի ընդհատակյա եւ զինված պայքարի հոգեբանորեն պատրաստ չէին»,- եզրափակեց Խրամչիխինը:




























