Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երեւանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս:
Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաեւ պատրաստի արտադրանք: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ բացի արտադրամասի սեփականատիրոջից, աշխատում էին եւս երկու չգրանցված վարձու աշխատող:
Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 2 մլն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով կոշկեղեն: Փաստի առթիվ առաջադրվել է տուգանք՝ 1 միլիոն 222 հազար դրամի չափով: Ինչպես նաեւ չձեւակերպված երկու վարձու աշխատողի համար վճարման է առաջադրվել 120 հազար դրամի եկամտային հարկ: Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է նաեւ անօրինական գործող փայտամշակման արտադրամաս: Երկու դեպքով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. մոտ 20մ² տարածքում առանց համապատասխան պետական գրանցման մատուցվել է վարսավիրական ծառայություն: Պարզվել է նաեւ, որ բացի վարսավիրանոցի սեփականատիրոջից, աշխատում է եւս մեկ հոգի: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն եւ առաջադրվել է վարչական տուգանք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:




























