ՀՀ կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուղիներ գտնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագնի բարձրացման դեպքում պահպանելու մանրածախ սպառողի համար սակագինը:
Նշենք, որ «Վիոլա ջուր» ՓԲԸ-ն 2017թ. օգոստոսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ.-ի համար ավելացնել 14,3 դրամով:
Այս առնչությամբ վարչապետն ասաց. «Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Դրա ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018թ. համար խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա Կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վիոլա ջուր» ՓԲԸ հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ»:
Նա հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում համատեղ աշխատելով «Վիոլա ջուր» ընկերության հետ, այդ թվում` քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով Ֆինանսների նախարարի և ՀԾԿՀ նախագահի հետ՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:




























