Հայաստանում խաղողի այգիների թիվը կրճատվել է: Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ գյուղացիներն անցյալ տարվա անոմալ ցուրտ ձմռան պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին, որի հետեւանքով խաղողի վազերն անպիտան դարձան, խաղողի այգիներն ուղղակի ոչնչացան:

«Ամեն տարի մեզ մոտ խաղողի այգիների կրճատում է նկատվում: Հիմա արդեն աշուն է, եւ այս ամիս շատ այգիներ պարզապես ոչնչացվում են, քանի որ մարդը որոշել է, որ դրանով այլեւս չի ցանկանում զբաղվել՝ ելնելով տարբեր կարգի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներից»,- պարզաբանեց Սարգսյանը՝ հավելելով, որ ոչնչացված խաղողի այգիների փոխարեն նորերը չեն ստեղծվում, որի հետեւանքով էլ տեղի է ունենում խաղողի արտադրության անկումը:

Փորձագետի կարծիքով՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը: