Բոլորն արձագանքում են, բացի պատասխանատու կառույցներից: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով նորությանը, որ հայկական շուկա է մտնում ԳՄՕ սերմերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Monsanto» ընկերությունը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մասնագետների շրջանում:
«Ունենք ցավալի իրավիճակ, երբ բարձրաձայնվում է ռիսկերի մասին, իսկ պետական կառույցները հարկ էլ չեն համարում արձագանքել: Ինչո՞ւ հարկ չեն համարել արձագանքել, որովհետեւ դրա համար մասնագիտական իրազեկվածություն է անհրաժեշտ, մինչդեռ մասնագիտական օղակներում դա բացակայում է»,- ասաց նա:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով, Հայաստանում ԳՄՕ-ների հետ կապված որեւէ առարկայական գործունեություն չի ծավալվում. մոնիտորինգներ չեն անցկացվում, վերահսկողությունն էլ բացակայում է, ռիսկերը չեն գնահատվում. «Սոսկալի իրավիճակի ապացույցն է, որ դեսպանատան մակարդակով կա արձագանք, իսկ գյուղատնտեսության նախարարության եւ ՍԱՊԾ-ի կողմից առարկայական արձագանք չկա: Նման պարագայում պետք է հաշվի առնել հետեւայլը՝ մենք ունենք վերահսկելիությունից դուրս դաշտ, կա հայտարարություն, որը պետք է փաստ համարել այնքան ժամանակ, քանի դեռ առարկայական փաստարկներով այն հերքված չէ»:
ՀԿ նախագահի գնահատմամբ, պատասխանատու կառույցներն աշխատելու փոխարեն խոսում են միայն. «Գոնե նման դեպքերում պետք է հայտարարություն անեն, դեսպանատունը պետք է ասի՞, բա պետությունն ո՞ւր է, բոլորը խոսում են, բացի պատասխանատուներից: Սա նշանակում է՝ պատասխանատուներն էլ գիտեն, որ բացակայում են մեր կյանքից»:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:
ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան https://news.am/arm/news/419262.html հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:




























