Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո դեղորայքից հրաժարվել է, քանի որ դրանք իրեն առանց բուժզննման են նշանակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Վարսիկը։ Նա նշեց, որ, երբ Ներսես Պողոսյանին տեղափոխել են ՔԿՀ բուժմաս, նրան առանց բուժզննման միանգամից մեծ քանակությամբ դեղորայք են նշանակել, Ներսեսն էլ հրաժարվել է դրանք ընդունել։ Որից հետո ասել են՝ «Դե որ տենց ա, կգնաս խուց»։

Վարսիկի խոսքով, Ներսես Պողոսյանի վիճակը մնում է մտահոգիչ․ ունի լյարդի, երիկամների, ոտքերի, սրտի խնդիր։

Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: