2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԱՎ-ից։ Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի 4-ին նա հրավիրվել է Գործակալություն, որտեղ իմանալով, որ վերջինն աշխատում է, պահանջել են տեղեկանք նրա աշխատավայրից: Տեղեկանքը Գործակալություն ներկայացնելուց օրեր անց որոշում են կայացրել հաշմանդամություն չսահմանելու մասին: Ընդ որում՝ որեւէ այլ հետազոտության Ս. Գ.-ին Գործակալությունից չեն ուղեգրել, բավարարվել են միայն զարկերակային ճնշումը չափելով, որը չէր կարող հիմք հանդիսանալ նման որոշում կայացնելու համար:
Այդ դեպքում որոշում կայացնելու համար պետք է հիմք ծառայեին բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ս. Գ.-ն նախկինում հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու որեւէ հիմք Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ունեցել:
Գործակալությունը Ս. Գ.-ին վերադասության կարգով վերափորձաքննելու իրավունք եւս չի ունեցել: Վերադասության կարգով վերափորձաքննություն կարող էր իրականացվել կամ հաշմանդամություն ունեցող անձի դիմումի համաձայն, կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ, եթե փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք է հայտնաբերվել կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտում է եղել: Տվյալ դեպքում այս նախապայմաններից որեւէ մեկը առկա չի եղել:




























