Աշխատանքի պետական քաղաքականությունը մշակելու պարտականությունը դրված է նախարարության վրա, իսկ մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկատիրական վիճակում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին սոցապ նախարար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ներկայիս Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:

«Ձեր լիազորությունների սահմաններում են ոչ միայն սոցիալական հարցերը, այլեւ աշխատանքի տեղավորումը. ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»,-ասաց նա, ինչին Արտեմ Ասատրյանըն արձագանքեց, որ անգամ Գեւորգ Պետրոսյանի` նախարար եղած ժամանակ նման բան չի եղել։

Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ իր նախարար եղած ժամանակահատվածում ՀՀ-ում գործում էր աշխատանքի պետական տեսչությունը, որը պետական հսկողություն և վերահսկողություն էր իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում աշխատողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը պահպանելու նկատմամբ. «Իմ ժամանակ գործում էր աշխատանքի պետական տեսչությունը: Այսօր դա լուծարվել է:  Առողջապահական պետական տեսչությունը, բացի անչափահասների և հղի կամ երեխա խնամող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունից, որևէ այլ ձևով չի պաշտպանում մնացած աշխատողների շահերը:

Դուք չե՞ք գտնում, որ այս պայմաններում, հատկապես՝ մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկատիրական վիճակում: Այդ ոլորտի օրենսդրությունը մշակողները, չեմ կարծում, որ դիտորդի կարգավիճակում պետք է նայեն այդ ամեն ինչին: Միթե չէր կարելի բյուջեով նախատեսել մի ծախս, որով կկարողանային համարժեք վերաբերմունք ցուցաբերել այդ խախտումներին»:

Արտեմ Ասատրյանն էլ ընդգծեց, որ ինքն այս պահին չի պատկերացնում նման ծրագրի անհրաժեշտությունը. ««Երբ մենք խոսեցինք տեսչական բարեփոխումների մասին, մենք այնտեղ բոլորս համակարծիք էինք, որ հնարավորինս պետք է սահմանափակենք որևէ տեսչության տեսուչների կամայական այցելությունները որևէ կազմակերպության կամ գործատուի: Ընդհանուր գաղափարախոսությունը բարեփոխումների միտված է եղել դրան, ու հիմա էլ շարունակվում են այդ բարեփոխումները: Կոնֆլիկտ է առաջանում, երբ մենք մի կողմից՝ ասում ենք, որ պետք է տեսուչն այցելություն անի ցանկացած պահի, մյուս կողմից էլ՝ ունենք այն հիմնավորումը, որ դրել ենք այդ բարեփոխումների հիմքում»: