2017 թվականը կարող է դառնալ դիտարկումների պատմության մեջ 3 ամենաշոգ տարիներից մեկը։ Այս մասին ասված է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) փորձագետների նախնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 6-ին՝ Բոննում ՄԱԿ կլիմայական գիտաժողովի մեկնարկի օրը, հայտնում է DW–ն։
Այդ հայտարարության համաձայն՝ միջին գլոբալ ջերմաստիճանը հունվար–սեպտեմբերին 1.1 աստիճանով ավելի բարձր է եղել մինչինդուստրիալ դարաշրջանի ցուցանիշից։ Կլիմայական փոփոխություններն ու բնության այնպիսի երեւույթները, ինչպիսիք են փոթորիկները, երաշտը, անսովոր շոգը, ազդում են մարդու շրջակա միջավայրի անվտանգության եւ բարեկեցության վրա, ասված է փաստաթղթում։
Ընդհանուր առմամբ 2013-2017թթ. ուսումնասիրությունների ընթացքում ամենատաք հնգամյակն է։ Ամենայն հավանականությամբ, ամենատաք տարին կլինի 2016-ը, որի պատճառը Էլ Նինյո երեւույթն է։ Իսկ 2015 եւ 2017 թվականները կզբաղեցնեն 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները։



























