«Զվարթնոց» օդանավակայան - Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող երթուղին 2017 թ․ սեպտեմբերից գործում է շուրջօրյա եւ ոչ թե փորձնական, այլ արդեն մշտական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։

Սեպտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքներով «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը  իր 3 մեքենաներով ուղեւորափոխադրումները իրականացնելու է 24 ժամ շարունակ՝ յուրաքանչյուր ժամը մեկ: 

Երթուղու վարորդներից մեկի խոսքով, օրեցօր ավելանում են «Զվարթնոց» օդանավակայան-Երեւան երթուղու ուղեւորների քանակը, կա իրազեկվածության խնդիր, այժմ հիմնական ուղեւորները կազմում են տուրիստները, որոնք տեսնում են, հետաքրքրվում, ապա նոր օգտվում են։ «Զվարթնոցում ավտոբուսների համար հատուկ տարածք ունենք, իսկ մինչեւ Զվարթնոց 3 կանգառ կա՝ Մաշտոցի պողոտայում, ավտոկայանում եւ Արգավանդի խճուղում»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայան - Երեւան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռեւս 2017թ. հունիսին: Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Հանրապետության հրապարակը։ Երթուղու տոմսի արժեքը 300 դրամ է։