«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցների մի զգալի մասը դժգոհ է ընկերության ղեկավարության վարած քաղաքականությունից, ինչի հետեւանքով նրանցից 5-ն ազատվել է աշխատանքից, եւս 19-ը ստացել են նկատողություն:

Աշխատանքից ազատվածների թվում է նաեւ Լոռու մարզային տեղամասի առեւտրային վարչության պետ Հարություն Անտոնյանը:

Վերջինիս հոկտեմբերի երկրորդ կեսին ղեկավարությունը նախ նկատողություն է տվել: Մինչ վարչության պետը կդիմեր դատարան՝ ստացած նկատողությունը վիճարկելու համար, նրան օրեր առաջ ազատեցին աշխատանքից:

«Այժմ վիճարկում ենք եւ՛ նկատողությունը, եւ՛ աշխատանքից ազատումը անվավեր ճանաչելու հարցը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Այս տարվա հուլիսի 1-ից որպես հիմնական աշխատող աշխատանքի ընդունած 50 աշխատակիցներից 25-ին հոկտեմբերի 18-ին ընկերությունը կանչել է Երեւան՝ կրկին ատեստավորում անցնելու:

Նրանցից 5-ը մասնակցել է ատեստավորմաննն ու ազատվել աշխատանքից՝ ատեստավորումը բարեհաջող չանցնելու հիմնավորմամբ: Մյուս 19-ը հրաժարվել են մասնակցել ու ստացել են նկատողություն:

«Հաշվի առնելով ընկերության ներքին իրավական ակտը, ըստ որի աշխատողը հերթական ատեստավորումն անցնում է երկու տարին մեկ, իսկ հավելյալը՝ կամ աշխատողի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով, աշխատակիցները հրաժարվել են ատեստավորում անցնել. հուլիսի 1-ին աշխատանքի ընդունված աշխատակիցների հերթական ատեստավորման ժամկետը լրանում է երկու տարի անց, իսկ աշխատակիցների կամ նրանց անմիջական ղեկավար Հ. Անտոնյանի կողմից նման պահանջ չի եղել»,- պարզաբանում է փաստաբանը՝ ներկայացնելով ընկերության ապօրինությունները:

Աշխատակիցները որոշել են դիմել դատարան՝ իրենց նկատմամբ կայացված որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով: Դրանով, սակայն, նրանք չեն սահմանափակվելու:

Նրանք մտադիր են կիրառել պայքարի ցանկացած օրինական տարբերակ՝ աշխատանքային ոտնահարված իրավունքների վերականգնման համար: