Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգեւներ է հանձնել եւ կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:

Շնորհավորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ՝ Նախագահ Սարգսյանը մաղթել է ստեղծագործական նոր հաջողություններ ի փառս հայ երաժշտարվեստի եւ հայ ժողովրդի, իսկ միությանը՝ հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ:

Երեկոն եզրափակվել է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: Փառատոնի նպատակն է հանրայնացնել եւ երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները: