Ճապոնիայում մահապատժի է դատապարտվել «Սեւ այրի» մականունով հայտնի Տիսակո Կակեհին: Կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու եւ 2 սիրեկանների սպանության մեջ, ինչպես նաեւ ծանոթի դեմ մահափորձ կատարելու՝ ժառանգությունը ստանալու նպատակով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիոտոյի շրջանային դատարանը 70-ամյա կնոջը մահապատժի է դատապարտել կախաղանի միջոցով, չնայած պաշտպանական կողմի փաստարկներին, որ ամբաստանյալը տկարամտությամբ է տառապում:
Դատավորի պարզաբանմամբ՝ Կակեհին սպանությունները կատարել է «փողասիրության» պատճառով:
Ամբաստանյալը դատավճիռն անտարբեր է լսել: Ավելի վաղ նա դատավորներին ասել էր, որ «եթե իրեն նույնիսկ վաղը պատժեն, ինքը ժպիտով կմահանա»:
Քննության տվյալներով՝ Կակեհին իր զոհերին ստիպել է ցիանիդով ամպուլաներ կուլ տալ՝ համոզելով, թե դա սննդային հավելում է:
Դիահերձմամբ պարզվել է, որ զոհվածների մարմնի մեջ մեծ քանակությամբ սինիլաթթու է պարունակվել: Թույնի հետքերը հայտնաբերվել են նաեւ Կակեհիի տանը:
Վերջին 20 տարում կինը 4 ամուսին է ունեցել, իսկ մտերիմ հարաբերություններ է հաստատել ընդհանուր 10 տղամարդու հետ, որոնք տարօրինակ հանգամանքներում են մահացել:
Իր վերջին ամուսնու հետ նա ընդամենը 1 ամիս է ապրել:
Որպես իր զոհերի ժառանգորդ տարեց ճապոնուհին 1 մլրդ իեն (գրեթե 9 մլն դոլար) է ստացել, սակայն այդ միջոցների մեծ մասը կորցրել է անհաջող ֆինանսական գործարքների հետեւանքով:




























