Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ներկայումս գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի պաշտպան Արսեն Սարգսյանը:

Պաշտպանը հայտնեց, որ Արգամ Հովիկյանը սկզբում հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց հիմա համաձայն է ցուցմունք տալ:

«Որեւէ քննչական գործողություն դեռեւս չի կատարվել, նշանակվել են փորձաքննություններ, դրանցից մեկի պատասխանը եկել է, որի համաձայն, մանկապարտեզի վարիչը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ»,- ասաց պաշտպանը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կային, որ Արգամ Հովիկյանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, Արսեն Սարգսյանը պատասխանեց. «Դա պարզելու համար փորձաքննություն կա նշանակված, որի եզրակացությունը մոտ օրերս կստացվի, բայց ըստ Արգամ Հովիկյանի հայտարարության՝ ինքը կյանքում թմրամիջոց չի օգտագործել, իսկ ալկոհոլ օգտագործել է միայն առիթից առիթ, այդ օրը կոնկրետ, ըստ իր հայտարարության, հարբածություն չի եղել: Մնացածը պարզ կլինի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո»:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Արգամ հովիկյանը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով:

Տղամարդը նախկին կնոջն ու զոքանչին տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նա կալանավորված է: