Ֆրանսիայում Նանտերի դատարանը մերժել է Ադրբեջան պետության հայցն ընդդեմ France Télévisions ֆրանսիական պետական հեռուստաընկերության եւ երկու լրագրողների:
Հայցի համար պատճառ է հանդիսացել այն, որ լրագրողներն Ադրբեջանին բռնապետություն են անվանել, իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւին՝ բռնապետ, հաղորդում է RFI-ն:
Դատարանն ընդգծել է, որ մամուլի ազատության մասին օրենքը թույլ չի տալիս պետությանը քաղաքացու, մանավանդ լրագրողի դեմ զրպարտության մասին հայց ներկայացնել:
2015 թվականի նոյեմբերի 7-ին France 2 հեռուստաալիքով Cash Investigation հետաքննական հաղորդում է սկսվել՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան ուղեւորությունների մասին, հիմնականում նվիրված Ադրբեջանին:
Հաղորդման սկզբում հեռուստահաղորդավարուհին Իլհամ Ալիեւի ռեժիմը «աշխարհի ամենադաժան բռնապետութւուններից մեկն» է անվանել:
Նույն օրը հաղորդման հեղինակ Լորան Ռիշարը France Info ռադիոկայանի եթերում Իլհամ Ալիեւին «բռնապետ» եւ «բռնակալ» է անվանել:
Այդ բառերի համար Ադրբեջանը դատարան էր դիմել:




























