ԱՄՆ-ում պիցերիաների խոշորագույն ցանցերից մեկը՝ Papa John's-ը աջ արմատականներին եւ նեոնացիստներին կոչ է արել իր ռեստորաններից պիցցա չգնել, որոնք ավելի վաղ ընկերության ղեկավարության համար անսպասելի այն «ուլտրաաջերի պաշտոնական պիցա» էին հայտարարել: Այս մասին USA Today-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության հանրության հետ կապերի ավագ տնօրեն Պիտեր Քոլինսը:
«Մենք դատապարտում ենք ռասիզմի ցանկացած ձեւը, ինչպես նաեւ միավորումները, որոնք այսպիսի տրամադրությունների են հետեւում: Մենք չենք ցանկանում, որ այս անձինք մեր պիցան գնեն»,- ասել է Քոլինսը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հայտարարությունը պայամանավորված է այն հաճախորդներին կորցնելու ղեկավարության մտավախությամբ, որոնց համար ուլտրաաջերի հայացքներն անընդունելի են, այսինքն՝ ամերիկացիների մեծամասնության, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Papa John's-ի շուրջ պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ ընկերության ղեկավար Ջոն Շնաթերը դժգոհել էր, որ ֆուտբոլի Ազգային լիգայում ազգային հիմնը ծնկի եկած լսելու հետ կապված բողոքները վնասում են ընկերության վաճառքին, սակայն նա չէր պարզաբանել, թե ինչ կերպ են վնասում: Տառացիորեն հաջորդ օրը այս ֆոնին նեոնացիստների ամենախոշոր համացանցային պարբերականներից մեկում՝ Daily Stormer-ում հոդված հրապարակվեց, որում աջ արմատականները որոշել էին Papa John's-ը հայտարարել «ուլտաաջերի պաշտոնական պիցցա»: Տեղեկությունը մեծ արագությամբ տարածվել էր համացանցում, որից հետո ընկերությունը փորձել էր նշված խմբերից տարանջատվել:



























