Մինչեւ 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Այդ մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել։ Դրան մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը ըստ ոլորտների ներկայացվել եւ քննարկվել են Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական հիմնական խնդիրները եւ իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է եղել պետական քաղաքականության թիրախավորման հիմքում կարեւորվող՝ երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող հիմնական մակրոգործոններին, գերակայություններին եւ դրանց ներքո իրականացվելիք միջոցառումներին, ինչպես նաեւ թիրախային նպատակին հասնելու խթաններին:

Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մինչեւ 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Նախագահը հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները:

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի:

Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի (մինչեւ 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները, արտացոլել դրանք մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ՝ սահմանելով համապատասխան բաղադրիչներ եւ հնգամյա թիրախներ հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար: Ընդգծվել է, որ կառավարության կողմից մշակվող բոլոր ռազմավարական ծրագրերը պետք է անդրադառնան ժողովրդագրական իրավիճակին՝ հիմք ընդունելով կառավարության կողմից հաստատված ժողովրդագրական իրավիճակի բարելավման մինչեւ 2040թ. ռազմավարական հիմնադրույթներն ու այդ պահին գործող համապարփակ ռազմավարական ծրագրի մոտեցումները: