Մենք Վիգեն Սարգսյանին հրավիրեցինք ԵՊՀ տարկետման հարցը քննարկելու, փոխարենը Պաշտպանության նախարարը գնում է Պոլիտեխնիկ ինստիտուտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ նշեցին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներըԼ

Նրանց կարծիքով,  եթե Վիգեն Սարգսյանը գնում է Պոլիտեխնիկական ինստիտուտ, դա կարող է սադրանք լինել. «Եթե նա հայտարարում է, որ մեզ հետ քննարկելու հարց չունի, ապա նա չի գնում այս հարցով մտահոգ մարդկանց հետ քննարկելու եւ պարզ չէ՝ այնտեղ գնալու պատճառը»,-նշեց «Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ցուցարարները որոշեցին գնալ ոչ թե Պոլիտեխնիական համալսարան, այլ շարժվեցին սկզբում Ագրարային համալսարան, ապա որոշվեց ուղղվել դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի առջե բողոքի ցույցը շարունակելու։

Ցուցարար ուսանողները շարունակում են վանկարկել իրենց կարգախոսները՝ «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության»:

Նշեք, որ արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:

Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: