Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» ոչ մարտական առաքելության ընդլայնմանը համաձայնել են մասնակցել ԱՄՆ-ն եւ եւս 27 պետություն: Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ առաքելության մյուս մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է DW-ն:
Սթոլթենբերգը նշել է, որ 28 երկրների համաձայնությունը թույլ կտա առաքելությանը մասնակցող անձնակազմի թվաքանակն ավելացնել մոտ մինչեւ 16 հազար մարդ: Այժմ դրան մասնակցում է 39 երկրի շուրջ 13 հազար զինծառայող:
Խոսելով աֆղանական առաքելության տևողության մասին՝ Սթոլթենբերգը որոշակի ժամկետ չի նշել: « Մենք կմնանք այնքան, որքան անհրաժեշտ կհամարենք»:Միաժամանակ նա նշել է, որ անվտանգության աֆղանական ուժերը «հասնում են առաջընթացի, թեեւ իրավիճակը շարունակում է մնալ բարդ»:
Թե ԱՄՆ-ից բացի ուրիշ ինչ պետություններ են որոշել լրացուցիչ կոնտինգենտ ուղարկել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի ճշգրտել։ Մինչդեռ dpa գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները, հայտնել է, որ Գերմանիան նույնպես համաձայնել է Աֆղանստան ուղարկել զինծառայողների լրացուցիչ քանակ։




























