Եվրոպան պետք է դիմադրի անջատողականությանը: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Իսպանիայի Սալամանկա քաղաքի համալսարանում, հաղորդում է Reuters-ը:

«Ազգայնականությունը թույն է, որը խանգարում է Եվրոպային միասին աշխատել», - ասել է Յունկերը:

Նրա խոսքով՝ «մենք չենք կարող հանգիստ նստել, ժամանակն է ինչ-որ բան անելու»

«Ես դեմ եմ անջատողականության որեւէ դրսեւորմանը, որը թուլացնում է Եվրոպան եւ ավելի է ընդլայնում առկա ճեղքերը»:

Պարգեւատրման արարողությանը ներկա Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը «այս դժվարին ժամանակներում» աջակցության համար շնորհակալություն է հայտնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդն անօրինական է համարում, Իսպանիան Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցրել:

Ռախոյը հեռացրել էր պաշտոնից կառավարության անդամներին, այդ թվում նրա ղեկավար Կառլես Պուչդեմոնին, հայտարարել խորհրդարանի լուծարման եւ դեկտեմբերի 21-ին վաղաժամ ընտրութուններ անցկացնելու մասին: