Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների եւ գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը եւ ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ եւ առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաեւ վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը եւ անվտանգության բարձրացման գործում կարեւորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը:
Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը եւս մեկ անգամ լրամշակել եւ այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Զեկուցվել է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը:




























