«Զվարթնոց» օդանավակայան-Երեւան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչեւ 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչեւ 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:

Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղեւորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարեւանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:

Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։

«Զվարթնոց» օդանավակայան-Երեւան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։