ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել է Ֆիլիպինների նապագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ։ Դանանգում երկու երկրների առաջնորդների կարճատև զրույցի մասին հայտնել է Դուտերտեի հատուկ օգնական Քրիստոֆեր Գոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի դրանից, նախագահները միասին լուսանկարվել են։ Թրամփը ծրագրում է նոյեմբերի 12-ին Վիետնամից մեկնել Ֆիլիպիններ, որտեղ անցնելու է ԱՍԵԱՆ- ԱՄՆ գագաթնաժողովը, նաեւ Արեւելասիական գագաթնաժողովը։
Ֆիլիպինների նախագահը մինչեւ վերջերս կոշտ քննադատում էր ԱՄՆ նախորդ վարչակազմին, բայց Թրամփի հաղթանակից հետո Դուտերտեի հռետորաբանությունը փոխվել է։ Բացի այդ՝ Վաշինգթոնը շարունակում է Մանիլային ռազմական օգնություն ցուցաբերել, այդ թվում հակաահաբեկչական գործողության ժամանակ, որն արդեն կես տարի է շարունակվում է երկրի հարավում։



























