Աշխարհի ամենահայտնի ադամանդներից մեկը, որը պատկանել է ֆրանսիացի միապետների մի քանի սերունդի, կվաճառվի Ժնեւում անցկացվող աճուրդում: Christie՛s աճուրդի տունը չի հայտնում ներկայիս տիրոջ անունը՝ նա մասնավոր անձ է: Christie՛s-ի փորձագետները թանկաժեք քարը, որը կոչվում է Le Grand Mazarin, գնահատել են 6-ից մինչեւ 9 մլն դոլար, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Այս ադամանդը եզակիորեն մաքուր է, վարդագույն երանգով, կշռում է 19 կարատ: Այն հայտնի է XVII դարից եւ գտնվել է Հնդկաստանի Հոլկոնդի հանքերում:
Ֆրանսիական հեղափոխությունը սկսվելուց հետո թագավորական թանկարժեք զարդերը (դրանց հետ միասին նաեւ Le Grand Mazarin-ը) թաքցրել են Փարիզում: Սակայն վատ են թաքցրել՝ գանձը հայտնաբերել են եւ կողոպտել: Մինչ օրս այդպես էլ չի հաջողվել գտնել մի քանի թանկարժեք քարեր:
Բայց «Մեծ Մազարինին» գտնվել է, եւ քարը զարդարել է Նապոլեոն կայսեր երկրորդ կնոջ՝ Մարիա Լուիզա Ավստրիացու համար պատրաստված թագը: 1887 թվականին, երբ Ֆրանսիան Պրուսիայի դեմ պատերազմում պարտություն կրելով ռազմատուգանք էր վճարում եւ քաղաքական ու տնտեսական ճգնաժամ էր ապրում, փողի առանձնապես սուր կարիք ուներ, եւ թագավորական թանկարժեք իրերի մի մասը աճուրդում է վաճառվել: Le Grand Mazarin-ն ձեռք է բերել ֆրանսիացի ոսկերիչ Ֆրեդերիկ Բուշերոնը:
Հազվագյուտ ադամանդի հետագա ճակատագիրը հստակ հայտնի չէ, սակայն 1962 թվականին այն ցուցադրվել է Լուվրի ցուցահանդեսում, որի ցուցադրանմուշների թվում էին ամենահայտնի ֆրանսիական թանկարժեք իրերը, որից հետո դարձյալ անհետացել է լայն հանրության ուշադրության տեսադաշտից: Հիմա «գեղեցկության հավերժական խորհրդանիշը» եւ «եվրոպական պատմության վկան», ինչպես Christie՛s-ն այն անանել է իր ժնեւյան ամենամյա աճուրդի կատալոգում, կրկին վաճառքի է դրված:





























